Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քարոզարշավ. օր չորրորդ. «ԵԼՔ»-ը հակադարձում է «անմրցակից» ՀՀԿ-ին

Քարոզարշավ. օր չորրորդ. «ԵԼՔ»-ը հակադարձում է «անմրցակից» ՀՀԿ-ին
09.03.2017 | 19:09

Կանանց միջազգային տոնը որոշակի սրբագրումներ էր մտցրել կուսակցությունների և դաշինքների քարոզարշավում. միջոցառումներ կանանց մասնակցությամբ, կենացներ, ծաղիկներ: Ըստ էության, նույն բանն արել է նաև «Ծառուկյան» դաշինքը` մի քիչ ավելի ճոխ, միլիարդատեր առաջնորդի ճաշակին հարիր: Դաշինքի ներկայացուցիչները երեկ հանրապետության հրապարակում «երգող մեքենայից» կանանց ու աղջիկներին վարդեր են բաժանել: Ու լավ էլ արել են. կանանց արժևորել է պետք ու ոչ միայն մեկ կամ երկու օր, միամսյակ, այլ` տարվա բոլոր օրերին: Այ, ԿԸՀ-ի համար տոնը նշանակություն չունեցավ` չնայած շատերը համարում են, որ Մուկուչյանի հանձնաժողովը նույնիսկ մեղմ, ոչ համարժեք է վարվել: Ինչևէ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ դրամական ու նյութական խոստումներով Տավուշի մարզում քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը, և այդ մասին իրազեկել է նրա ներկայացուցիչներին:

Մտածում եմ` լավ, որ Ծառուկյանը սրան-նրան փող չբաժանի, մեկին չվիրահատի, մյուսի գազի հարցը չլուծի, բա ի՞նչ է անելու կամ ասելու քարոզարշավի ժամանակ: Եթե ուզում եք ասել, որ խոսելու է Հայաստանը փրկող 15 կետերի մասին, ապա միանգամից կհակադարձեմ` օրինակ, ՀՎԿ-ն դրանցից երեսունն ունի` մեկը մեկից պերճախոս:


Բայց «փրկիչներին» հանգիստ թողենք, որովհետև երեկ քարոզարշավ մուտք գործեց վարչապետ Կարեն Կարապետյանը` ՀՀԿ թերևս միակ հրապարակային կերպարը, ով դրական հանրային ընկալում ունի: Կարապետյանն էլի զարմացրել է, որովհետև Էջմիածնում լուրջ-լուրջ խոսել է 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին, Ակնալիճ գյուղում եզդիների հետ կենաց է խմել` զուռնա-դհոլի ուղեկցությամբ, Մեծամորի ատոմակայանում փակ խորհրդակցություն է անցկացրել, հետո Արմավիր քաղաքում անեկդոտ է պատմել խմած մարդու մասին: Այս ամենը` մի քանի ժամում, բայց կարևորն այն է, որ մարդիկ վարչապետի անձի մեջ գտել են մի բան, որը նրան շահեկանորեն տարբերում է մյուս իշխանավորներից: Երկու հարց, այնուամենայնիվ, բաց է մնում. Կարեն Կարապետյանն արձակուրդում չէ, ու հենց երեկ` Արմավիրում, չէր երևում այն սահմանը, որը գործող վարչապետին սահմանազատում է ՀՀԿ-ի վարչապետացուից: Ու նաև բնական հարց է առաջանում` ո՞ւմ հաշվին էր ՀՀԿ երեկվա քարոզչությունը` կուսակցությա՞ն, թե՞ պետբյուջեի: Գամ նաև բովանդակային հարցադրմանը, երբ կառավարության այսօրվա ղեկավարը, ըստ էության, շրջանցում է օրվա պրոբլեմները` ավանսով վստահություն հայցելով ընտրողներից: Եվ տրամաբանական է, որ արդեն ժամեր անց` Երևանի Ազնավուրի հրապարակում, «ԵԼՔ» դաշինքի հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ապրիլի 2-ին Հայաստանի քաղաքացիների ընտրությունը «կինոյի և իրականության միջև է»: Նիկոլի ասած «կինոն» ՀՀԿ կարգախոսն ու խոտումներն են, հրապարակային գործիչներն ու ռոլիկներն են:


Ի դեպ, ՀՀԿ քարոզարշավը երեկ դրսևորել է իր ներքին հակասությունը: Վարչապետի հանդուրժող, տոլերանտ կերպարին հակադրվել է ՀՀԿ ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանի կատեգորիզմը: Արմավիրում քարոզարշավին միացած պաշտպանության նախարարը հավաքվածներին ասել է. «Մենք կարողացանք էս հինգ տարում գալ ընտրությունների ուժեղացած և արդիականացած լուրջ թիմով: Մի թիմ, որը այսօր, իմ խորին համոզմամբ, չունի մրցակից մեր երկրում»: Կասկածից վեր է, որ «անմրցակից» ՀՀԿ-ի վիճահարույց թեզն առաջիկա օրերին արժանանալու է ընդդիմության բուռն քննադատությանը: Կառավարող կուսակցությունը դեմոկրատական երկրներում «անմրցակից» լինել չի կարող` հատկապես հասարակության համատարած թշվառության ու դժգոհության ֆոնին:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ